Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Պատմական և իրական Հայաստանները համատեղելի չեն, լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

10.04.2024, 12:04
Փաշինյանն ասել է, որ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ  հակոտնյա են միմյանց, և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ ՎԻԴԵՈ
Պատմական և իրական Հայաստանները համատեղելի չեն, լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ  հակոտնյա են միմյանց, և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ես եւ  կառավարությունը երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության եւ ավանդույթի կրող, միայն 2022-ին արձանագրեցինք, որ Հայաստանի անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է եւ մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել: Այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը», – ասաց Փաշինյանն այսօր ԱԺ–ում կառավարության 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ։

«Միայն 2022-ի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա եւ միանշանակ համոզվեցի, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված  տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործն դառնալ մեր երկրի անվտանգությունն ապահովելու հարցում: Այդ պահից, փաստացի, քաղաքական և հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց  իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջև»,-ասաց նա։ 

Փաշինյանի կարծիքով, այս սահմանազատման գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը։

«Իրական և պատմական Հայաստանների միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում նաև այն պատճառով, որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում և ի հայտ է բերում անսպասելի շերտեր ու նրբերագներ», – ասաց նա՝ նշելով, որ պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, «որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործողություն է պատմական Հայաստանի համար» 

«Այս առումով պատմական Հայաստանը կամա, թե ակամա ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք  նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ, որովհետև իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգային ճանաչված սահմանը նույնկերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար», – ընդգծել է Փաշինյանը։