Քոչարյանի դեմ քրեական գործը պարզապես առիթ է ապագայում ՍԴ–ն կանխատեսելի դարձնելու համար. Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը պարզապես առիթ է ապագայում Սահմանադրական դատարանը կանխատեսելի դարձնելու համար, հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Սեպտեմբերի 16–ին «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է սկսել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացն այն բանից հետո, երբ ՍԴ–ն Սահմանադրությանը հակասող ճանաչեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրանքի որոշ կետեր։ Սեպտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից մշակած նախագծին, որը վերաբերում է Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը։ Այս հարցը ներառված է խորհրդարանի ընթացիկ քառօրյայի օրակարգում։
«Երկրում նման կանխատեսելի Սահմանադրական դատարանի առկայությունը, որը պետք է կատարի կամ «փաթեթավորի» քաղաքական որոշումները, պետության վերջն է։ Այսօր Սահմանադրական դատարանն այդ գործընթացն արգելակելու վերջին մեխանիզմն է։ Խնդիրն այն չէ` կմնա՞, արդյոք, Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում, խնդիրն այլ է», – հայտարարել է ՍԴ նախագահը։
Նա նաև նշել է, որ կցանկանար լսել հստակ փաստեր, որոնք վկայում են ազնվության, կարգապահության կանոնների և իրավական նորմերի խախտման մասին։
Թովմասյանն անդրադարձել է նաև «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների կողմից բերվող պնդումներին այն մասին, որ իր անաչառության հարցում կան կասկածներ` հաշվի առնելով իր կենսագրությունը, իսկ ավելի կոնկրետ` քաղաքական գործունեությունը։ Այդ համատեքստում Թովմասյանը նշել է, որ օրենսդրորեն չի արգելվում ՍԴ–ում անձի անդամակցությունը, ով նախկինում զբաղվել է քաղաքականությամբ։
Ինչ վերաբերում է պնդումներին այն մասին, որ Թովմասյանն ազգակցական կապ ունի Քոչարյանի փաստաբաններից մեկի` Արամ Օրբելյանի հետ, ՍԴ նախագահը նշել է, որ դա աբուսրդի ժանրից է։
«Այո, Քոչարյանի փաստաբանն իմ սանիկն է։ Արամ Օրբելյանը, և ով էլ, որ լիներ նրա փոխարեն, չէր կարող ստիպել ինձ ընդունել իմ ներքին համոզմունքներին հակառակ որոշում», – հայտարարել է Թովմասյանը։
Նա վստահեցրել է, որ կյանքում երբեք ձեռքով չի բարևել Ռոբերտ Քոչարյանին և նրա հետ չի գտնվել նույն սենյակում` ավելացնելով, որ Քոչարյանի հետ վարել է բացառապես հեռակա բանավեճ 2015թ.–ի սահմանադրական բարեփոխումների ժամանակ։–0–