Քվեարկել եմ հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի, սա է իմ մոտեցումը. Քոչարյան (ՎԻԴԵՈ)

«Առաջին հերթին քվեարկել եմ հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի։ Սա է իմ մոտեցումը», – հայտարարեց Քոչարյանը լրագրողներին քվեարկությունից հետո։
Նա ձեռնպահ մնաց ներկայացնել «Հայաստան» դաշինքի հետագա քայլերն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո` առաջարկելով չգնալ առաջ, «ընտրություններից հետո կերևա»։
Խոսելով ընտրություններում հաղթելու դեպքում փոխվարչապետի պաշտոնի թեկնածուների, մասնավորապես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասին` Քոչարյանը նշեց, որ ակնհայտ է, որ Կարապետյանն «իրենց հետ է», իսկ ապագայում համագործակցության հարցերը դեռ չեն քննարկվել։
Քոչարյանը նաև անդրադարձավ որոշ խախտումներին, որոնք գրանցվել են վերջին երկու օրը, մասնավորապես նախօրեին ամբողջ քաղաքով տարածվել են հակաքարոզչական թռուցիկներ «Հայաստան» դաշինքի դեմ։
«Առաջին հերթին կոպիտ օրենքի խախտում է։ Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան նաև կադրեր ցանցում։ Եվ այն փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերված, թե դա ով է արել, ուղղակի մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդությամբ։ Եվ եթե մոտակա ժամանակներում, 1–2 ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհամարենք և կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից», – նշեց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի ցուցակի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալությանը, Քոչարյանի խոսքով, ձերբակալումն աբսուրդի ժանրից է, նրան ձերբակալելու որևէ հիմքեր չկային։
«Ինքը (Չարչարյանը) իր կարծիքն է ասել և այդ տեսանկյունից չեմ կարծում, որ որևէ ճնշման արտահայտություն կար», – ասաց Քոչարյանը։
Խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին «Լռության օրը», Քոչարյանը նշեց, որ բարեբախտաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքեց այդ խախտմանը։
«Կարծում եմ` սա ուղղակի ցույց է տալիս այս իշխանության դեմքը, որ որևէ հարգանք չունեն օրենքի նկատմամբ, չեն ունեցել այս երեք տարվա ընթացքում և շարունակում են չունենալ նույնիսկ ընտրության օրը», – ասաց Քոչարյանը։–0–