Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+6

ՌԴ ԱԳՆ. ակտիվորեն կաջակցենք Երևանին և Բաքվին փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում

10.05.2019, 21:20
ՌԴ ԱԳՆ–ն հանդես է եկել մեկնաբանությամբ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրման 25–ամյակի կապակցությամբ։
ՌԴ ԱԳՆ. ակտիվորեն կաջակցենք Երևանին և Բաքվին փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության դեպարտամենտը հանդես է եկել մեկնաբանությամբ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից հրադադարի համաձայնագրի ստորագրման 25–ամյակի կապակցությամբ։

Մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական կայքում։

«Այս տարի մայիսի 12–ին լրանում է Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 տարին։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդությամբ։ Այն թույլ տվեց դադարեցնել զանգվածային արյունահեղությունն ու գործարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը քաղաքական–դիվանագիտական միջոցներով։ Մայիսի 12–ին ստորագրված համաձայնագիրը մինչ օրս մնում է հիմք հրադադարի ռեժիմի պահպանման համար», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի մեկնաբանության մեջ։

Նշվում է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը բարդ է։ Այն վերապրում է թռիչքներ և անկումներ։ Պահանջվում է ժամանակ և մասնակիցների քաղաքական կամքը` կարգավորման առանցքային կետերի շուրջ համաձայնության հասնելու համար։

«Մենք տեսնում ենք, որ կողմերը պատրաստ են շարունակել համատեղ աշխատանքը, որն ուղղված է կայուն խաղաղության ձեռք բերմանը։ Այս մասին են, մասնավորապես, վկայում Վիեննայում վերջերս կայացած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման ու Մոսկվայում ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքները։ Մենք մեր կողմից կցուցաբերենք ակտիվ աջակցություն Երևանին և Բաքվին փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելու հարցում։ Նախկինի պես կշարունակենք ձեռնարկել հետևողական, միջնորդային ջանքեր ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության շրջանակներում ԱՄՆ–ի և Ֆրանսիայի հետ համատեղ», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական մեկնաբանության մեջ։–0–