Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Սահմանազատում և գերիների վերադարձ. Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

21.01.2022, 15:37
Նշվել է, որ ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ
Սահմանազատում և գերիների վերադարձ.  Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. Հունվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ, հաղորդում է ԱԽ մամուլի ծառայությունը:

Պատվիրակության կազմում եղել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերի դեսպան Բրիս Ռոքֆոյը, Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

«Կողմերը ողջունելով միմյանց գոհունակություն են հայտնել Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցության վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի ժողովրդավարացման և տարածաշրջանի անվտանգության պահպանման գործընթացներում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսումը և այդ նպատակով համապատասխան մթնոլորտի ձևավորումը:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադառնալով հումանիտար խնդիրներին՝ ընդգծել են, որ ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ:–0–