Շուշիի մատույցներում կրակ չի բացվել. Արցախի ՊԲ–ն հերքում Ադրբեջանի ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Արցախի ՊԲ–ն:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում են հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և չեն դիմում իրավիճակն ապակայունացնող գործողությունների», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ստեփանակերտի բնակիչները նախօրեին երեկոյան կրակոցի ձայներ են լսել Շուշիի մոտակայքում։
Այս կապակցությամբ պարզաբանում է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշել է, որ կապվել է լիազոր մարմինների հետ` ճշտելու համար եղելությունը։
«Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել», – նշել է Ստեփանյանը Facebook–յան իր էջում:
Միաժամանակ ստեփանակերտցիները սոցցանցերում նշում են, որ Շուշիի մոտ օդում երևացել են անօդաչուներ, իսկ կրակել են ենթադրաբար գնդացիրներից։ Նշվում է, որ այդ շրջանում է գտնվում ջրառը, որը Ստեփանակերտի մեծ մասին ապահովում է խմելու ջրով։ Տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել, պետական կառույցներից արձագանքել է միայն Մարդու իրավունքների պաշտպանը։–0–