Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև

09.11.2022, 18:31
Բանաձևում ընդգծվում է, որ Հայաստանն իր հողի վրա հերթական անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի, խախտվել է նրա սահմանները և միջազգային իրավունքը
Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 7-ին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ Պիեռ Յակուբովիչը (M. Pierre JAKUBOWICZ)։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, բանաձևում ընդգծվում է, որ Հայաստանն իր հողի վրա հերթական անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի, խախտվել է նրա սահմանները և միջազգային իրավունքը։

Նշվում է, որ Հայաստանը, Եվրոպայի խորհրդի անդամ բարեկամ, եղբայրական երկիր է, որի վրա կրկնվող հարձակումները նրա համար էկզիստենցիալ վտանգ են ներկայացնում, ինչն անընդունելի է։

Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը և նրա բոլոր անդամները հաստատում են իրենց աջակցությունը հայ ժողովրդին և խստորեն դատապարտում Հայաստանի վրա ռազմական հարձակումը՝ կոչ անելով վերադառնալ արդար և հարատև խաղաղության:

Ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ, նյութական աջակցությունից զատ, Ստրասբուրգի քաղաքապետարանի և վարչական կենտրոնի շենքերի վրա կբարձրացվի Հայաստանի դրոշը։-0-