Վարչապետը նշել է Արցախի համար հետագա պայքարի ծրագիրը

«Ես նախ ասեմ, որ իսկապես մենք բոլորս շատ ծանր ժամանակներ ենք ապրում: Եվ այդ ծանր ժամանակները մեր բեռն է, անկախ նրանից՝ ով ինչ դերակատարում է ունեցել այս պատմության մեջ: Սա մեր բեռն է, և մենք պետք է այդ բեռն ազգովի կրենք: Բայց, մյուս կողմից էլ, մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին: Որովհետև շատ կարևոր է, որ այս փուլում մենք մեր ապագայի տեսլականը տեսնենք, Լեռնային Ղարաբաղի ապագայի տեսլականը տեսնենք: Մենք այսօր շատ հստակ ուղերձներ պիտի հղենք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը, հայերը պետք է վերադառնան իրենց տները՝ ապրելու, որովհետև Ղարաբաղի համար պայքարը չի ավարտվել սրանով»,- նշել է վարչապետը:
Նա ընդգծել է, որ հենց այսօր նաև կառավարությունում նիստ է կայացել՝ այդ հարցերը քննարկելու համար:
«Այս ավերածությունները պետք է վերականգնվեն, ենթակառուցվածքները պետք է վերականգնվեն, պետք է ներդրումներ արվեն, պետք է ստեղծվի բնական միջավայր ստեղծագործ և խաղաղ կյանքի համար: Հիմա կան խաղաղապահներ, որոնք Լեռնային Ղարաբաղի առնվազն մի հատվածի հայության անվտանգությունն ապահովում են: Այն մյուս հատվածի մեր հայրենակիցների վերադառնալու իրավունքն արձանագրված է»,- նշել է նա:
Վարչապետը նշել է, որ հիմա պետք է աշխատել դրա վրա՝ այդ իրավունքն իրագործելու և նրանց արժանապատվությունը և անվտանգությունն իրենց տներում ապահովելու համար:
Ճանապարհը Լաչինի միջանցքով աշխատելու է, այսինքն՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև կապի պրոբլեմ չի լինելու՝ ճանապարհային կապի պրոբլեմ: Մարդիկ կարողանալու են ռուս խաղաղապահների կողմից ապահովվող այդ միջանցքով սովորականի նման գնալ և գալ:
«Այսինքն՝ Արցախի առնվազն այն հատվածը, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, այնտեղ բնականոն կյանքը պետք է վերականգնվի օր առաջ, հնարավորինս շուտ»,- նշել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով, հենց դրա համար խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում դառնում է ամենակարևոր գործոններից մեկը, որոնք երաշխիքն են, որ առնվազն իրենց ներկայությամբ կամ պատերազմ չի սկսվի կամ, համենայնդեպս, ծավալ չի ստանա: Խաղաղապահների ներկայության իմաստն այդ մարդկանց կեցության անվտանգությունն ապահովելն է:
Նա հայտնել է, առաջին հերթին Արցախում պետական ներդրումներ անելու մասին:
«Սա շատ կարևոր նրբություն է: Արցախը այնտեղ ապրող մարդով է Արցախ: Եվ մեր մեծագույն խնդիրն է հիմա, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շատ վերադառնան և ապրեն Արցախում: Մենք դրա համար կառավարության մաքսիմալ շատ ծրագրեր ենք իրականացնելու՝ իհարկե, Արցախի մեր գործընկերների հետ համատեղ: Ե՛վ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ կրթական, ամենատարբեր բնույթի»,- նշել է նա: -0-