Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Երևանը Բաքվին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանն՝ Ադրբեջանին

22.11.2023, 13:21
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ՝ ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ նոյեմբերի 21-ի հայտարարության
Երևանը Բաքվին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանն՝ Ադրբեջանին
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ՝ ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ նոյեմբերի 21-ի հայտարարության։

Ինչպես նախօրեին հայտնել է Առաջին լրատվականը, Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանին առաջարկել է հանդիպում անցկացնել պետական սահմանին՝ խաղաղության գործընթացը քննարկելու համար։

«Հայկական կողմը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության և կայության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորմասն մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը», – նշվում է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

ԱԳՆ–ից հիշեցնում են, որ մինչ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկները ստանալուց հետո դիտարկում էր դրանք և պատրաստակամ էր շարունակել պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները՝ չնայած ԼՂ-ում ծանր շրջափակման հետևանքով օրեցօր սրվող մարդասիրական ճգնաժամին, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։

«Հաջորդիվ, շարունակելով բացահայտ կերպով արհամարհել խաղաղության գործընթացին վերադառնալու հնարավորությունը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերը, ադրբեջանական կողմը չմասնակցեց նախ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Գրանադայում, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներին, թեև այդ հնգակողմ և եռակողմ հանդիպումները նախապես համաձայնեցված էին», – նշել են գերատեսչությունից։

ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ հայկական կողմը շարունակել է աշխատանքները համաձայնագրի տեքստի շուրջ և առավել արդյունավետ է համարել դրանք ներկայացնել Ադրբեջանին հենց ենթադրվող հանդիպումների ընթացքում։

«Այնուամենայնիվ, բանակցային գործընթացը փակուղի մտցնելու և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու փորձերը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն փոխանցել է համաձայնագրի վերաբերյալ իր դիտարկումները և, ինչպես բազմիցս նախկինում, ապացուցել է, որ պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում՝ որպես ուղենիշ ունենալով՝

• միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչումը և հարգումը,
• համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի իրականացումը,
• պետությունների ինքնիշխանության ու իրավազորության լիակատար հարգման և հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին՝ կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում: Հայկական կողմը շարունակում է դրսևորել այդ կամքը: Այդ կամքի արտահայտություններից է նաև այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին», – նշվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 18-ին Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները համաձայնեցվել են։ Առաջին սկզբունքը, ըստ նրա, հետևյալն է՝ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 28,6 հազար քառ. կմ և 86,6 հազար քառ. կմ. Երկրորդ սկզբունքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանազերծման քաղաքական հիմք է հանդիսանում 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրել են հետխորհրդային բոլոր երկրները։ Խոսելով հաջորդ՝ երրորդ սկզբունքի մասին՝ Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է վերաբացվեն՝ համաձայն ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, իրավահավասարության սկզբունքներին։-0-