Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Սարգսյան. Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին Հայաստան կժամանեն եղբայրական երկրների ղեկավարներ, այդ թվում` ՌԴ նախագահը

07.04.2015, 11:29
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար հանրապետություն կժամանեն եղբայրական երկրների ղեկավարներ, այդ թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Սարգսյան. Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին Հայաստան կժամանեն եղբայրական երկրների ղեկավարներ, այդ թվում` ՌԴ նախագահը
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար հանրապետություն կժամանեն եղբայրական երկրների ղեկավարներ, այդ թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծել է, որ ապրիլի 24–ին հայությունը միջազգային հանրության ներկայացուցիչների հետ կհավաքվի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում։

«Մեր կողքին կլինեն բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ և ղեկավարներ։ Մեզ համար մեծ պատիվ է, որ այդ օրը Հայաստանում կլինեն մեր եղբայրական երկրների ղեկավարները, և իհարկե, հատուկ ցանկանում եմ նշել այլ ղեկավարներին զուգընթաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունն այդ միջոցառումներին»,– ասել է Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ըստ նրա, Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը շատ կարևոր է աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի համար, և պատահական չէ, որ միջոցառման խորհրդանիշն անմոռուկն է։ «Ծաղիկ, որի անվանումն աշխարհի բազմաթիվ երկրներում իր մեջ կրում է հիշատակի գաղափարը, և որի հինգ ծաղկաթերթերը խորհրդանշում են հինգ մայրցամաքները, որտեղ ապաստան են գտել Ցեղասպանությունից փրկված մեր եղբայրներն ու քույրերը»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ այդ օրերին պատարագներ կմատուցվեն ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցու տաճարներում, այլ նաև այլ դավանանքների եկեղեցիներում։ Կկազմակերպվեն ցուցահանդեսներ աշխարհի հայտնի թանգարաններում, այդ թվում` Ռուսաստանում։ Համերգներ կլինեն հայտնի հարթակներում աշխարհահռչակ արտիստների մասնակցությամբ։ Ապրիլի 12–ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ կմատուցի Ֆրանցիսկոս Հռոմի պապը։ Հիմնական միջոցառումները, նախագահի խոսքով, կանցկացվեն Երևանում ապրիլի 23–24–ին։ «Յուրաքանչյուր հայի համար դա սուրբ օր է»,– հիշեցրել է հայկական պետության ղեկավարը։  

Խոսելով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին` Սարգսյանը նշել է, որ Երևանը երբեք Թուրքիայի առջև դրանց կարգավորման պայմաններ չի առաջադրել, այդ թվում` Ցեղասպանության ճանաչման հետ կապված։

Նախագահի խոսքով, մի քանի տարի առաջ նա փորձել է հասնել հարաբերությունների բարելավման, բայց որոշ պատճառներով թուրքական կողմը հրաժարվեց իր ստանձնած պարտավորություններից, և համապատասխան արձանագրությունները չեն վավերացվել թուրքական խորհրդարանում։ Սարգսյանը հիշեցրել է, որ վերջերս նաև Թուրքիայի նախագահին ապրիլի 24–ին Երևան ժամանելու հրավեր է ուղղել` միասին Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, բայց թուրքական ղեկավարությունն այս անգամ էլ վարվել է այնպես, ինչպես միշտ, և ոչ միայն հրաժարվել հրավերից, այլ նաև իր առաջարկություններն արել` մասնակցել Գալիպոլիի (Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին) ճակատամարտի 100–ամյակին նվիրված միջոցառումներին։

«Բայց բոլորին հայտնի է, որ Գալիպոլիի մարտերը չեն սկսվել և չեն ավարտվել ապրիլի 24–ին, և բոլորին հայտնի է, որ թուրքերը երբեք չեն տոնել այդ մարտերում տարած հաղթանակն այդ օրը։ Այսինքն, մենք ևս մեկ անգամ համոզվում ենք, որ թուրքական ղեկավարությունն ընդլայնում է ժխտողականության իր գործիքակազմը»,– ասել է Սարգսյանը։

Ըստ նրա, Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությամբ Անկարան փորձում է ինչ–որ բան ապացուցել հայկական կողմին, կամ, առնվազն, շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներից։

«Ես չգիտեմ, թե որքան արագ թուրքական հասարակությունում կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր իրականում պատրաստ են ճանաչել Ցեղասխանությունը և ազատվել ծանր բեռից, բայց ամեն դեպքում, մենք այստեղ դրական դինամիկա տեսնում ենք։ Ես շնորհակալ եմ այն թուրք քաղաքացիներին, ովքեր սկսել են այդ շարժումը»,– ասել է նախագահը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը:

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: 2015 թվականի հունվարի 16–ին Սարգսյանը նամակով դիմեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին` տեղեկացնելով խորհրդարանից արձանագրություններ հետ կանչելու իր որոշման մասին։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—