Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Իսրայելական Քնեսեթի պատգամավորները կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումներին. ԶԼՄ

14.04.2015, 15:45
Իսրայելական Քնեսեթի պատգամավորները կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումներին, հաղորդում է newsru.co.il–ը։
Իսրայելական Քնեսեթի պատգամավորները կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումներին. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Իսրայելական Քնեսեթի պատգամավորները կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումներին, հաղորդում է newsru.co.il–ը։

Հաղորդագրությունում նշվում է, որ իսրայելացիների նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին խնդրագրի տակ։ Խնդրագրի տեքստը կազմված է երեք լեզուներով` անգլերեն, եբրայերեն և ռուսերեն։

Պարբերականը նշում է, որ այցը չի նշանակում այդ հարցում Իսրայելի պաշտոնական քաղաքականության փոփոխություն այդ հարցում, որը հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» չճանաչելն է։

2011 թվականին Քնեսեթն առաջին անգամ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Այդ թեման օրակարգում ընդգրկել են պատգամավորներ Զաավա Գալյոնը (ՄԵՐԵՑ) և Արիե Էլդադը ("Իխուդ Լեումի"), խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զե’էվ Էլկինի օժանդակությամբ  («Լիկուդ»)։

Դիմելով խորհրդարանական գործընկերներին` Զե’էվ  Էլկինն այն ժամանակ հայտնեց, որ Իսրայելը բարոյական իրավունք չունի դառնալու քաղաքակիրթ աշխարհի վերջին երկիրը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Թույլ տվեք մեջբերել պատմության ամենաարյունոտ դիկտատորներից մեկի` հրեա ժողովրդի ցեղասպանության պատասխանատվությունը կրող Ադոլֆ Հիտլերի խոսքը. «Բոլորովին կարևոր չէ, թե ինչ են իմ մասին մտածում եվրոպական թույլ քաղաքակրթության ներկայացուցիչները... Վերջիվերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»։ Արդեն այս մի արտահայտությունը բավարար է, որ գիտակցենք հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու մեր պարտքը։ Որովհետև եթե այսօր մենք դա չանենք, ինչ խոսել այլ ժողովուրդների մասին»,– ասաց նա։

Տվյալ հարցի հատուկ նշանակության հետևանքով 2011 թվականի քննարկմանը մասնակցել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը (այժմ` Իսրայելի նախագահ)։ Բայց նախաձեռնությունը չստացավ խորհրդարանականների մեծամասնության օժանդակությունը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—