ԱՄՆ–ն 2013թ.–ին սկսել է հաղթահարել կարծրատիպերն ու բարդույթները Մերձավոր Արևելքի հանդեպ վարած քաղաքականության մեջ. փորձագետ

ԱՄՆ–ն 2013թ.–ին սկսել է հաղթահարել կարծրատիպերն ու բարդույթները Մերձավոր Արևելքի հանդեպ վարած քաղաքականության մեջ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն 2013 թ.–ին ակտիվացրել է իր արտաքին քաղաքականությունն ու Մերձավոր Արևելքում նոր ուժերի հետ համագործակցելու պատրաստակամություն է դրսևորել, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի վերլուծաբան, փորձագետ–միջազգայնագետ Քրիստինե Հովսեփյանը։

«2013թ.–ին ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության միտումներից կարելի է նշել որոշակի կարծրատիպերի և բարդույթների հաղթահարումը», – ասաց Հովսեփյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում։

Նա նշեց, որ օրինակ տարածաշրջանում ԱՄՆ–ի ավանդական դաշնակիցը` Սաուդիան Արաբիան, դժգոհություն է հայտնում Եգիպտոսին տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության կրճատման, Իրանի հետ ԱՄՆ–ի հարաբերությունների կարգավորման գործընթացի և շիիթների հետ համագործակցության կապակցությամբ։

Ինչ վերաբերում է 2013 թ.–ին Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերություններին, ապա Հովսեփյանը նշեց, որ առաջընթաց է գրանցվել հիմնական տնտեսական և պաշտպանության ոլորտներում, և ձեռք է բերվել Որոտանի ՀԷԿ–երի համալիրում ներդրումներ կատարելու մասին համաձայնությունը, որը երկկողմ հարաբերությունների պատմության մեջ խոշորագույն ներդրումն է։

Ավելի վաղ ասվել էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 27–ին հավանություն է տվել «Որոտանի ՀԷԿ–երի համալիր» պետական ՓԲԸ–ն ամերիկյան Contour Global ընկերության Contour Global Hidrocaskade դուստր ընկերությանը վաճառելու գործարքին։

Սակայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը դեկտեմբերի 4–ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը չի վաճառել Որոտանի ՀԷԿ–երի համալիրը։

Նոյեմբերի 23–ին Վաշինգտոնում անցած հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում ասվել էր, որ ամերիկյան Contour Global ընկերությունը 180 միլիոն դոլար կներդնի Հայաստանի Որոտանի ՀԷԿ–երի համալիրում։ Այս ներդրումը Հայաստանի և ԱՄՆ–ի միջև երկկողմ հարաբերությունների պատմության խոշորագույն ներդրումն է։

Որոտանի ՀԷԿ–երի համալիրը գտնվում է Հայաստանի հարավում, ունի համակարգաստեղծ նշանակություն երկրի էներգետիկայի համար։ Բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայանից` Սպանդարյանի (դրված հզորությունը` 76 ՄՎտ), Շամբի (171 ՄՎտ) և Տաթևի (157,2 ՄՎտ)։

Contour Global ընկերությունը, որը հիմնվել է մասնավոր ներդրողների կողմից 2005 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում, զբաղվում է էներգետիկ ճյուղում զարգացմամբ, արտադրությամբ և կառավարմամբ աշխարհի տարբեր երկրներում։ ԱՊՀ երկրներից ընկերությանը պատկանում է Ուկրաինայի Կրամատորի ՋԷԿ–ը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:41 25.12.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×