Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Սարգսյանը պաշտոնապես հրավիրել է Էրդողանին այցելել Հայաստան 2015թ.–ի ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

29.08.2014, 13:25
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրեց իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկա լինել Երևանում 2015 թվականի ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված արարողությանը, հայտնում է հայկական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։
Սարգսյանը պաշտոնապես հրավիրել է Էրդողանին այցելել Հայաստան 2015թ.–ի ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրեց իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկա լինել Երևանում 2015 թվականի ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված արարողությանը, հայտնում է հայկական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հրավերն Էրդողանին է հանձնել նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Անկարայում Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալությանը ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ կայացած կարճ զրույցի ընթացքում։

Սարգսյանը Թուրքիայի ղեկավարին Հայաստանի հրավիրելու մտադրության մասին հայտնել էր դեռ մայիսի 27–ին` ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի չորրորդ նիստում։ Ըստ նրա, եթե Թուրքիայի ղեկավարներին հետաքրքրում է ճշմարտությունը, ապա նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24–ին լինեն հայ ժողովրդի կողքին։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-