Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

ԱԺ–ն կրկին առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումները

29.10.2018, 14:33
ԱԺ–ն երկուշաբթի երկրորդ անգամ առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները։
ԱԺ–ն կրկին առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԺ–ն երկուշաբթի երկրորդ անգամ առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները։

Օրինագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ` երկուսը։ Օրինագիծն ընդունելու համար չբավարարեց 1 ձայն։

ԱԺ–ն հոկտեմբերի 22–ին նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ չընդունեց Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները։

Փոփոխություններով նախատեսվում է բացառել թեկնածուների տարածքային ցուցակներն ու ներդնել պարզ համամասնական ընտրական համակարգ։ Փոփոխություններով նաև առաջարկվում է վերացնել կոալիցիաներ ձևավորելու սահմանափակումները, ինչպես նաև ավելացնել դրանց ձևավորման համար նախատեսված ժամկետները` 6–ից մինչև 10 օր։ Նվազեցված է նաև խորհրդարան անցնելու համար նախատեսված նվազագույն շեմը` 5%–ից մինչև 4%` կուսակցությունների համար և 7%–ից մինչև 6%` դաշինքների համար։ Եթե ընտրությունների համար չի ձևավորվում կայուն խորհրդարանական մեծամասնություն (54%), ապա անցկացվում են նոր ընտրություններ։ 

Միաժամանակ նախատեսվում է, որ խորհրդարանում ընդդիմությունը պարտադիր պետք է ներկայացված լինի նվազագույնը չորս քաղաքական ուժերի կողմից (այս պահին դրանք երեքն են), ընդդիմությունն ԱԺ–ում պետք է կազմի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։

Փոփոխություններով նաև առաջարկվում է նվազեցնել ընտրական գրավը` մինչև նվազագույն աշխատավարձի 7500–ապատիկի չափով, նվազեցվում է նաև գրավի վերադարձի շեմը, որը կկազմի 2% և ավել (հիմա այն 4% և ավել է)։ Բացի այդ, առաջարկվում է ավելացնել ԱԺ–ում կանանց ներկայացվածության քվոտը` գործող 25%–ից դարձնելով 30%, ինչպես նաև չեզոքացնել բոնուսային համակարգը Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների ընթացքում։ 

Ընտրական օրենգրքի փոփոխությունները նախատեսում են նաև ընտրողների ցուցակների մշակման ընթացակարգի արդյունավետության բարձրացում։ Առաջարկվում է նաև սահմանափակել քվեարկելու իրավունքը ժամկետանց փաստաթղթեր ունեցող անձանց համար` ընտրացուցակներում թողնելով միայն այն ընտրողներին, որոնց փաստաթղթերն ուժի մեջ են վերջին մի քանի տարվա ընթացքում։ Նախատեսվում է նաև ընտրացուցակներից բացառել նաև այն անձանց, որոնք դատարանով ճանաչվել են անգործունակ։

Փոփոխություններով առաջարկվում է ներդնել ընտրողներին իրազեկման մեխանիզմներ, մասնավորապես, զգալիորեն ավելացնել անվճար եթերաժամը հանրային հեռուստատեսության և ռադիոյի եթերում։

Քվեարկության գործընթացի հասանեիությունն ապահովելու համար տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ ունեցող ընտրողները կկարողանան քվեարկել իրենց հարմար ընտրատեղամասում, իսկ զինվորականների քվեարկության ժամանակ նրանց ղեկավարներին ու սպաներին արգելվում է գտնվել իրենց հետ նույն սենյակում։

Փոփոխություններով նախատեսվում է նաև վերահսկողության հնարավորությունների ավելացում։ Նախատեսված են, մասնավորապես, միջազգային և տեղական դիտորդներ հրավիրելու ընթացակարգեր։ Միաժամանակ նշվում է, որ ԿԸՀ–ն կարող է մերժել այն դիտորդների գրանցումը, որոնց կառավարվող կառույցների անդամների շարքում նշվում են մարդիկ, ովքեր ներառված են ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցության կազմում։

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16–ի արտահերթ նիստում հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշմանը և առաջարկել է Ազգային ժողովին քննարկել այն հոկտեմբերի 22–ի արտահերթ նիստում։

Ներկայացնելով օրենսգրքի փոփոխություններն` արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել է, որ փոփոխությունների հիմնական նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներ հաստատելը։

Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։–0–