Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է ՊԲ երկու զինծառայող. գրանցվել է նաև դիվերսիոն փորձ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ:
ԼՂՀ ՊՆ–ի հաղորդմամբ` հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (3 արկ): Կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության խախտման հետևանքով արձանագրվել է երկու միջադեպ:
«Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1991թ. ծնված Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և 1996թ. ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արեւելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և հետ է շպրտվել:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ վերահսկել օպերատիվ իրավիճակը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-