Ադրբեջանը լուրջ կորուստներ է կրել ԼՂՀ–ի նկատմամբ իրականացրած դիվերսիայի ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը ԼՂՀ–ի նկատմամբ իրականացրած դիվերսիոն գործողություների հետևանքով լուրջ կորուստներ է կրել և կրկին տանկեր է կիրառել, ուրբաթ հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնք հանդիպելով հայկական կողմի կուռ պաշտպանությանը ձախողվել են, և նախահարձակ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել:
Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռք բերված հավաստի տվյալների` ավելի ուշ հայտնի է դարձել, որ միայն Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմն առնվազն տվել է 3 զոհ և վիրավորներ, որոնցից մեկը գտնվում է մահամեր վիճակում:
Ըստ ՊԲ նույն աղբյուրների` ադրբեջանական զինուժը կորուստներ է կրել նաև հարավային ուղղությամբ տալով 2 զոհ և վիրավորներ:
«ՊԲ պատժիչ գործողություններից սարսափած հակառակորդը հյուսիսարևելյան(Թալիշ) ուղղությամբ, այսօր՝ ժամը 15:40-ի սահմաններում, կիրառել է զրահատեխնիկա (տանկ): ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և պատրաստ են ջախջախիչ հարված հասցնել ցանկացած սադրանքի», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.)։
Եվ ԼՂՀ Պաշտպանության բանակի հենակետերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Գոռ Օհանյանը (ծնվ. 1992 թ.)։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։–0–