Ամենայն Հայոց Կաթողիկոսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./ԱՌԿԱ/. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Մեր աղոթքը և զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու ժողովրդին, Պաշտպանության բանակի քաջարի հրամանատարներին ու զինվորներին», – նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, ի մասնավորի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված երկրներին` կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները», – ընդգծել է Կաթողիկոսը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, չորս տանկ, երկու անօդաչու թռչող սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ:–0–