Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Մամեդյարովի հայտարարությունը

18.10.2019, 13:39
Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի` «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած դրույթները։
Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Մամեդյարովի հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի` «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած դրույթները։

Մասնավորապես, նա անդրադարձել է Մամեդյարովի այն հայտարարությանը, որ ինքը «հիասթափված է» ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպումից, նշելով, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի կարծիքի առնչությամբ պարզապես ցանկանում եմ թեթևակի հիշեցում անել, որ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից»,– ասել է Նաղդալյանը։
Նրա խոսքով, հայկական կողմը հետևողականորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնցում առաջնային նշանակություն ունեն Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը:

«Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր օրակարգի շուրջ»,– ասել է նա։

Նաղդալյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի` ծագումով հայերի՝ Ադրբեջան այցելելու հետ կապված խնդիրներին՝ ներկայացնելով խնդրի լուծման յուրօրինակ տարբերակ:
«Այն, որ հայերը Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում, մեզ համար նորություն չէ: Ըստ էության, իր հարցազրույցում դա հաստատում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը, ով ընդունում է ծագումով հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության առկայությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է նաև այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից՝ մասնավորապես ՌԴ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից»,– նշել է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը։

Ինչպես ընդգծել է Նաղդալյանը, ադրբեջանցի պաշտոնյան կարծում է, որ առկա խտրական քաղաքականության կառավարման լավագույն տարբերակն Ադրբեջան ամեն մի հայի մուտքի հարցը բանակցությունների առարկա դարձնելն է:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-