Արցախի ոստիկանապետը հրաժարական է տվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. Արցախի ոստիկանապետ, գեներալ–մայոր Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Սիրելի արցախցիներ, վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։ Սիրելի հայրենակիցներ, 1991թ-ից ես հող հայրենիի կանչով և ձեզանից շատ շատերի օրինակով կամավորագրվել եմ Արցախյան ազատամարտին։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ՈՒխտաձորի ջոկատի հրամանատարից հասնելով ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի պատասխանատու պաշտոնին¸ ողջ ծառայությանս ընթացքում սեփական կենսագրությամբ ու օրինակով եմ փորձել ներկայացնել Հայրենքի հանդեպ գերագույն նվիրումի դրսևորումը», – նշվում է Աղաջանյանի հայտարարության մեջ։
Նա նաև նշել է, որ 2013թ. մարտի 25-ից ցայսօր զբաղեցնելով ոստիկանության պետի պաշտոնը` իր հիմնական նպատակն ու առաքելությունն է համարել ծառայել ժողովրդին¸ ստեղծել ու ամրապնդել լիարժեք վստահության մթնոլորտ ոստիկանության և հասարակության միջև։
«Թե ինչքանով է դա ինձ հաջողվել¸ թողնում եմ ձեր դատին։ Որքան էլ որ բարձրագոչ հնչի¸ ինձ համար միշտ եղել ու այսօր էլ շարունակում է ամենաառաջնային համարվել ինչպես արտաքին¸ այնպես էլ ներքին անվտանգությունը¸ ժողովրդի խաղաղ կենսագործունեության համար բոլոր պայմանների ապահովումը¸ որի համար պարտավոր ենք չխնայել ոչինչ ու չկանգնել ոչ մի խոչընդոտի առաջ», – նշել է Արցախի ոստիկանապետը։
Նա նաև նշել է, որ հաշվի առնելով իր հրաժարականի ներկայացման վերաբերյալ հասարակության մեջ առաջացած պահանջը¸ ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր է ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։
«Վերջում կուզեի հավաստիացնել¸ որ այսուհետ ևս շարունակելու եմ հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման գործին և հայրենիքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի դեպքում պատրաստ եմ սեփական օրինակով ապացուցել այն», – եզրափակել է Աղաջանյանը։
Հունիսի 1–ին Ստեփանակերտում ծեծկռտուք էր տեղի ունեցել քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև։ Փաստի առթիվ Արցախի Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ։ ԶԼՄ–ների հաղորդմամբ, միջադեպի պատճառը կենցաղային վեճն է։ Հաջորդ օրը Ստեփանակերտում սկսվեցին բողոքի ակցիաներ։ Հունիսի 4–ին տեղի ունեցավ ցուցարարների և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիաներն ու հնարավորություն տալ իշխանություններին կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դրան ի պատասխան` Համակարգող կոմիտեն հայտարարեց ակցիաները դադարեցնելու մասին։–0–