Արմեն Սարգսյանն Իտալիայի կողմից ՀՀ–ԵՄ համաձայնագրի շուտափույթ վավերացման հույս հայտնեց
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ երկուշաբթի համատեղ մամուլի ասուլիսին Իտալիայի կողմից Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուտափույտ վավերացման հույս հայտնեց։
«Ցանկանում են գոհունակությամբ նշել, որ զրույցի ժամանակ քննարկվել է հայ–իտալական հարաբերությունների լայն օրակարգը», – ասաց Սարգսյանը։
Նա հայտնեց, որ կողմերը համաձայնվել են լրացուցիչ ջանքեր գործադրել` հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը նոր դինամիկա հաղորդելու համար ինչպես երկկողմանի ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակների մակարդակում` այդ թվում Հայաստան–ԵՄ համագործակցության շրջանակում։
«Դա ևս մեկ ուղղություն է, որտեղ կա հայ–իտալական հարաբերությունների զարգացման ներուժ։ Մենք նշել ենք տնտեսական, արդյունաբերական, մշակութային ու գիտատեխնիկական կապերի զարգացման ու խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդկային շփումների կարևորությունը։ Կարևորելով մշակույթային ժառանգության պահպանման հարցը, մեր համագործակցությունն ավելի մեծ թափ կստանա մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնի բացմամբ, ինչը կկայանա վաղը Երևանում», – ասաց Սարգյանը։
Նշվել է նաև, որ Իտալիան կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ հնարավոր ձեւաչափին` ԵԱՀԿ Մինսկի խմբին։–0–