Կալիֆոռնիայի Օրենսդիր ժողովը հակաթուրքական օրինագիծ է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օրենսդիր ժողովը միաձայն ընդունել է հակաթուրքական օրինագիծ, որը ներկայացրել է ժողովի անդամ Ադրին Նազարյանը, գրում է asbarez.com–ը։
Օրինագիծն արգելում է Կալիֆոռնիայի հասարակական հիմնադրամներին իրականացնել ներդրումներ Թուրքիայի կառավարության կողմից վերահսկվող ֆինանսական կառույցներում, որպեսզի այդ հիմնադրամները չօգտագործվեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության մեջ։
Ինչպես նշել է ԱՄՆ «Հայ Դատի» արևմտյան գրասենյակի ղեկավար Նոռա Հովսեփյանը, Կալիֆոռնիան, որպես նահանգ, որտեղ բնակվում է ԱՄՆ–ի խոշորագույն հայկական համայնքը, պետք է վճռական քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի ֆինանսավորման հարցում։
Նոր օրինագծով Կալիֆոռնիայի CalPERS և CalSTRS պետական կենսաթոշակային հիմնադրամներին արգելվում է իրականացնել ներդրումներ կատարել Թուրքիայի կառավարության ֆինանսական կառույցներում։ Օրինագծով նախատեսվում է, որ հիմնադրամները պետք է վեց ամսում չեղյալ հայտարարեն ներդրումների մասին իրենց պայմանագրերը։ Նշվում է, որ երկու հիմնադրամներն ներդրել են շուրջ 500 մլն դոլար, մասնավորապես` պարտատոմսերում։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-