Ցեղասպանության հիշողությունը և նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին. Ֆրանսիայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ցեղասպանության հիշողությունը և նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին, նշվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ապրիլի 24-յան ուղերձում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
«Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. Ապրիլի 24-ը Կոնստանդնուպոլիսում և 600 հայ մտավորականների սպանդը, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք իրենց վախճանը գտան աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից և հյուծվածությունից», - նշվում է ուղերձում:
Մակրոնը նշել է նաև, որ Ֆրանսիան, որը Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի և Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերը, ընդունեց բազմաթիվ վերապրողների: 1915թ. սեպտեմբերին ֆրանսիական նավատորմը, կրակի տակ, կարողացավ փրկել Մուսա լեռան 4000 փախստականի:
Նա հիշեցրել է նաև, որ Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հետ միասին Ֆրանսիան դեռևս 1915թ. մայիսի 25-ին այդ ջարդերը որակել էր որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ոճիր:
«Ցեղասպանության հիշողությունը և նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին: Հայոց ցեղասպանության հիշատակի 103-րդ տարեդարձի այս օրը Ձեզ և Ձեր ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ և բարեկամական մտածումները», - գրել է նա:-0-