Ղարաբաղի հարցը 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգության հարցն է. Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հարցը 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգության հարցն է, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարա Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2019 թ.–ի պետբյուջեի նախագիծը ներկայացնելու ընթացքում։
«Կարևորելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու դրա անվտանգությունը` մենք ցույց ենք տալիս, որ հակամարտությունը մեզ համար առաջին հերթին կոնկրետ մարդկանց անվտանգության հարցն է։ Եվ այս համատեքստում առաջնահերթությունը տրվում է Արցախի կարգավիճակին», – ասցաց նա։
Մնացականյանը վերահաստատեց, որ Արցախը վճռորոշ ձայն ունի հակամարտության լուծման գործում։
«Մենք հայտարարել ենք Հայաստանի համար խաղաղ կարգավորման առաջնահերթության մասին բացառապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանակում` ընդգծելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումն ու ամրապնդումը», – հայտարարեց Մնացականյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-