Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+26

Ղարաբաղում իրավիճակի սրման պատճառ կարող է լինել Ադրբեջանի նախագահի կադրային քաղաքականությունը. փորձագետ

21.06.2017, 17:44
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից։
Ղարաբաղում իրավիճակի սրման պատճառ կարող է լինել Ադրբեջանի նախագահի կադրային քաղաքականությունը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղում իրավիճակի լարվածությանը հանգեցնում է այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աստիճանաբար ազատվում է «հին գվարդիայից», որն իշխել է իր հոր ժամանակներից, կարծում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից», – ասաց նա չորեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Հունիսի 16–ին և 17–ին շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է Արցախի պաշտպանության բանակի չորս զինծառայող։ 

«ԵԱՀԿ ՄԽ–ի նախորդ հասցեական հայտարարությունը նրանք համարեցին չեզոքության սկզբունքի խախտում։ Այդ պատճառով արտաքին գործերի նախկին նախարար Տոֆիկ Զուլֆուգարովը հայտարարեց, որ եթե Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը չդադարի, պատերազմն անխուսափելի կլինի», – նշեց Հայրապետյանը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միջնորդական գործունեության պատմության մեջ առաջին անգամ 2017 թ.–ի մայիսին արձանագրեցին, որ Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակի սրման և հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողն Ադրբեջանն է։

Ավելի կոշտ քաղաքականություն վարելու համար Ալիևը պետք է ամուր պահի իշխանությունը, այդ պատճառով, փորձագետի խոսքով, առաջին հերթին նա ազատվում է այն անձանցից, որոնց ձեռքում կարող է կենտրոնանալ այդ իշխանությունը։

«Ազատվում են այն անձանցից, ովքեր համակարգում են Հեյդար Ալիևի ժամանակներից, այսինքն` արդեն ավելի քան 15 տարի։ Օրինակ, հունիսի 1–ին տեղի ունեցան տեղափոխություններ նախագահի վարչակազմում, և անգործ մնաց Վախիդ Ալիևը (Ադրբեջանի նախագահի վարչակազմի ռազմական հարցերի բաժնի պետը)», – ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով, նման գործողություններն ուղղված են Ալիևների ընտանիքի դիրքերի ամրապնդմանը, քանի որ «հին գվարդիան» իրական ազդեցություն ունի և սպառնալիք է ներկայացնում։

«Նշենք, որ վերլուծաբաններն առաջիկայում ակնկալում են փոփոխություններ նաև ռազմական վերնախավի և Արտաքին գործերի նախարարության շրջանում», – նշեց նա։

Նրա խոսքով, նմանատիպ փոփոխություններ Ալիևն իրականացնում է կանոնավոր կերպով, օրինակ, նմանատիպ բան է գրանցվել նաև 2015 թ.–ին։

«Այս հանգամանքը վկայում է ներքին վստահության պակասի մասին», – նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով նոր քաղաքական վերնախավին` Հայրապետյանը նշեց` կան տեղեկություններ, որ «երիտասարդ գվարդիան» ավելի կողմնորոշված է դեպի Եվրոպա` ի տարբերություն Հեյդարի ռուսաստանամետ հետևորդների»։

«Այսպիսով իշխանության բերելով երիտասարդների` Ալիևն ին կնոջ` Մեհրիբան Ալիևայի (Փաշաևա) հետ ամրապնդում է Ալիևներ–Փաշաևներ կլանի դիրքերը», – եզրափակեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-