«Գրադ» կայանքից գնդակոծության հետևանքով վիրավորված երեխաները վերակենդանացման բաժանմունքում են. ԼՂՀ ԱՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի կողմից «Գրադ» կայանքից իրականացրած գնդակոծության հետևանքով վիրավորված ղարաբաղցի երեխաների վիճակը գնահատվում է կայուն ծանր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Լեռնային Ղարաբաղի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ադրբեջանի զինուժի կողմից «Գրադ» կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով մահացել է 2004 թ. ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
ԼՂՀ Առողջապահության նախարարության տվյալներով, Մարտունու շրջանից «Արևիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել 2004 թ.–ին ծնված Վարդան Անդրեասյանն`աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և 2005 թ.–ին ծնված Գևորգ Գրիգորյանն`աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով:
Ինչպես տեղեկացնում են գերատեսչությունից, «Արևիկ» մանկական բուժմիավորումում Վարդան Անդրեասյանի մոտ կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վնասված անոթների կարում, ազդրոսկրի սկելետային ձգում, իսկ Գևորգ Գրիգորյանի մոտ` վերքի առաջնային մշակում:
«Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխաները գտնվում են վերակենդացման բաժանմունքում», - հայտնեցին գերատեսչությունից:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, երեք տանկ և երկու անօդաչու թռչող սարք։ -0-