Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել` բացատրելով Երևանի քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու պատճառը

25.09.2018, 20:38
ՀՀԿ–ն հանդես է եկել հայտարարությամբ Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ։
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել` բացատրելով Երևանի քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հանդես է եկել հայտարարությամբ Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ։ 

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀԿ–ն չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին` հասարակությունը ծայրահեղ բևեռացման վտանգից զերծ պահելու համար: 

«Ցավոք, «Իմ քայլը» դաշինքը և անձամբ վարչապետ Փաշինյանը քարոզարշավը կառուցեցին հասարակությունը «սևերի և սպիտակների» բաժանելու մոտեցմամբ: Դա հանգեցրեց ընտրությունների օրակարգի շեղման ու խեղաթյուրման, որը քվեարկությունը դարձրեց այդ վտանգավոր ու անհեռանակարային մոտեցմանը  «դեմ» կամ «կողմ» լինելու մասին հարցում: Ակնհայտ է, որ մայրաքաղաքի բնակիչների գերակշռող մեծամասնությունը չսատարեց այդ մոտեցումը», – նշվում է ՀՀԿ–ի հայտարարության մեջ։

ՀՀԿ–ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Միաժամանակ հույս է հայտնել, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու է ողջ հասարակության խնդիրը: 

«Եկել է լուրջ քաղաքական երկխոսության և, ինչն էլ ավելի կարևոր է` արդյունավետ աշխատանքի պահը: Հասարակությունն ակնկալում է գործնական քայլեր` մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերներին առերեսվելու տեսակետից», – նշվում է ՀՀԿ–ի հայտարարության մեջ։

Կիրակի կայացած ընտրություններն անցկացվել են 475 ընտրատեղամասերում։ Ընտրություններին մասնակցել է 12 քաղաքական ուժ։ Երկուշաբթի հրապարակված ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, ամենից շատ ձայներ ստացել է «Իմ քայլը» դաշինքը (ցուցակի առաջին տեղում Հայկ Մարությանն է)` 81,5%, ԲՀԿ–ն (Նաիրա Զոհրաբյան)` 6,95% և «Լույս» դաշինքը (Արտակ Զեյնալյան)` 4,99%։ Քվեարկության վերջնական արդյունքները կներկայացվեն սեպտեմբերի 30–ին։ «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, եթե Ավագանու ընտրությունների արդյունքում կուսակցություններից մեկը ստանում է մանդատների ավելի քան 50%–ը, ապա այդ կուսակցության ցանկը գլխավորած թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։–0–