ՀՀԿ-ն կսատարի Փաշինյանի թեկնածությանը, սակայն իմ կարծիքը նրա մասին չի փոխվել. Շարմազանով
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Հանրապետական խմբակցությունը կսատարի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու համար, սակայն իմ կարծիքը նրա մասին չի փոխվել:
Այս մասին հինգշաբթի Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ–ն մայիսի 1–ի հատուկ նիստում մերժեց Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Հաջորդ օրը ՀՀԿ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ մայիսի 8–ին նախատեսված վարչապետի ընտրություններում կսատարի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին։ Իսկ «Ծառուկյան» դաշինքն իր հերթին հայտարարեց, որ ընտրություններին կաջակցի ժողովրդի թեկնածուին։
«Մայիսի 8-ին Հայաստանում կընտրվի վարչապետ: Հանրապետական խմբակցությունը կաջակցի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Չեմ կարող հիմա հստակ ասել, թե հանրապետական պատգամավորներից ովքեր կքվեարկեն Փաշինյանի օգտին, քանի որ այդ հարցը դեռ չի քննարկվել: Սակայն կրկնում եմ, որ իմ կարծիքը նրա մասին չի փոխվել, և ես չեմ կարծում, որ ինքը համապատասխանում է ՀՀ վարչապետի պաշտոնին», - ասաց Շարմազանովը:Նա նշեց, որ դժգոհ է մնացել Փաշինյանի պատասխաններից մայիսի 1-ին ՀՀԿ անդամների հետ կայացած հանդիպմանը հնչած հարցերին:
«Նա չի ներկայացրել իր գաղափարախոսությունը, այսինքն նրանք լիբերալներ են, պահպանողական, թե սոցիալիստներ: Ինձ չեն գոհացրել նաև նրա պատասխանները ազգային և պետական անվտանգության մասին հարցերին», - ասաց Շարմազանովը:
Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։
Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–