Рейтинг@Mail.ru
USD
395.72
EUR
412.42
RUB
4.3881
GEL
140.83
2025 թ. փետրվարի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀԿ–ն նշել է երկրում կուտակված խնդիրներն ու գալիք ընտրություններին իր մասնակցության պատճառը

12.11.2018, 12:40
ՀՀԿ–ն խոսել է երկրում կուտակված խնդիրների ու գալիք ընտրություններին իր մասնակցության մասին։
ՀՀԿ–ն նշել է երկրում կուտակված խնդիրներն ու գալիք ընտրություններին իր մասնակցության պատճառը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրապետական կուսակցությունը նախօրեին կայացած գործադիր մարմնի և խորհրդի նիստի արդյունքում հրապարակել է գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարության նախնական տեքստը։

Ինչպես նշվում է փաստաթղթում, ՀՀԿ-ն առաջիկա արտահերթ ընտրություններին հայտ է ներկայացնում` խորհրդարանում երաշխավորված բազմակարծություն ունենալու նպատակով:

Նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀԿ նորընտիր առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ հայտարարության վերջնական տարբերակը կընդունվի մեկ շաբաթ անց` խորհրդի անդամների լրացուցիչ քննարկումներից հետո։

Քաղաքական բազմակարծություն

«Թեև սովորաբար քաղաքական կուսակցությունները իշխանության հասնելու ակնկալիքով են մասնակցում ընտրություններին, ՀՀԿ-ն առաջիկա արտահերթ ընտրություններին հայտ է ներկայացնում` խորհրդարանում երաշխավորված բազմակարծություն ունենալու նպատակով», – նշվում է ՀՀԿ–ի պաշտոնական կայքում նախօրեին հրապարակված հայտարարության մեջ։

Փաստաթղթում կուսակցությունը գնահատում է Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները` սկսած վարչապետի պաշտոնում ՀՀԿ նախագահ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրումից մինչև նոյեմբերի 1–ին ԱԺ–ի արձակումն ու դեկտեմբերի 9–ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր, Սերժ Սարգսյանը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները և իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետևանքների ծանրությունը:

«Սակայն հանրությանը դա ներկայացվեց որպես ցուցարարների դեմ ուժ կիրառելու սպառնալիք, թեև հետագա գործողությունները, ինչպես նաև ապրիլի 22-ի հանդիպմանը նախորդած օրերին իրավապահների քայլերը հստակ ցույց տվեցին, որ իշխանությունները չունեին նման ծրագրեր և նպատակներ», – նշվում է ՀՀԿ–ի հայտարարության մեջ։

Ճնշում և սպառնալիքներ

ՀՀԿ–ում նշում են, ապրիլի 23-ին, հաշվի առնելով բողոքի ալիքի ահագնացող ծավալը, անհարկի լարումից խուսափելու և Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին իրավիճակը հանգուցալուծելու նպատակով վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Դրանից անմիջապես հետո բողոքի ակցիաների կազմակերպիչները փոխեցին իրենց պահանջների բնույթը` առաջ քաշելով «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսը: Խաթարվեց կենսական կարևորության ենթակառուցվածքների և օբյեկտների աշխատանքը. արգելափակվեցին պետական նշանակության մայրուղիներ, Երևանի միջազգային օդանավակայանը: Ազգային ժողովի վրա աննախադեպ ճնշում գործադրվեց, որն ուղեկցվում էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների նկատմամբ անձնական և ընտանիքի անդամներին հասցեագրված վիրավորանքներով ու ֆիզիկական բռնության սպառնալիքներով: Սահմանադրական կարգին ուղղակի հակասող՝ խորհրդարանական մեծամասնության կողմից կառավարություն չձևավորելու պայման ներկայացվեց: Պատգամավորներին անընդհատ որոշակի քաղաքական դիրքորոշում էր պարտադրվում:

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց իշխանության մենաշնորհման ուղին: Երկրում ձևավորվեց պատգամավորների և ՏԻՄ ղեկավարների վրա աննախադեպ ճնշման մթնոլորտ: - Գործադիր իշխանությունը սկսեց շարունակաբար և հանրայնորեն ներազդել դատական իշխանության վրա` մե՛րթ կասկածի տակ առնելով դատական ատյանների կայացրած որոշումները և ինքնուրույն գործելու կարողությունը, ցանկությունն ու ունակությունը, մե՛րթ հնչեցնելով սպառնալիքներ դատավորների հասցեին: Կասկածի տակ դրվեցին 2017թ. ապրիլին կայացած, որևէ քաղաքական ուժի կողմից արդյունքների առումով չբողոքարկված, միջազգային փորձագիտական հանրության կողմից դրական գնահատված և այդ թվում՝ իր իսկ պատգամավորական լիազորությունների իրավական հիմք հանդիսացող ընտրությունների արդյունքները: - Քաղաքական ճնշման այս ալիքն իր տրամաբանական զարգացումը ստացավ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, երբ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն և վարչապետ Փաշինյանը բացահայտ խոսեցին հասարակությունը յուրայինների և օտարների` «սևերի ու սպիտակների» բաժանելու մասին: Դա այլատյացության, այլախոհության բացառման և քաղաքական երկխոսությունը բռնությամբ փոխարինելու վտանգներով լի ուղի է:
«Քաղաքական բողոքի ակցիաներին, ԱԺ պատգամավորների վրա ճնշում գործադրելու և այլ գործողություններին ծրագրված կերպով ներգրավվեցին նաև անչափահասները: - Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից ոգևորված, ինչպես նաև դեռևս անհայտ վերջնանպատակով` օր առաջ խորհրդարանական որակյալ մեծամասնություն ունենալու ձգտմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարությունը որոշում կայացրեց արագացնել խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական նախագիծ 5 ընտրություններ անցկացնելու գործընթացը: Դա հակասեց կառավարության ձևավորման ժամանակ հնչեցված խոստումներին, համաձայն որոնց՝ մինչև ընտրությունների անցկացումը պետք է լրջորեն բարեփոխվեր Ընտրական օրենսգիրքը», – նշվում է հայտարարության մեջ։

Փաշինյանի պաշտոնավարումը. սպասումներ և իրականություն

ՀՀԿ–ի հայտարարության մեջ նշվում է, որ վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման վեց ամիսների արդյունքների հանրային ընկալումը հստակ կապվում է իշխանափոխության, բայց ոչ կառավարության գործունեության հետ: Անժխտելի է հասարակական սատրաման բարձր աստիճանը և կառավարության գործունեությունից դրական սպասելիքները: Այդուհանդերձ, ակներև են թույլ տրված լրջագույն սխալները. հռչակված տնտեսական թռիչքի փոխարեն երկիրն առերեսվեց լուրջ մարտահրավերների: Գրանցվեց կտրուկ գնաճ, զգալիորեն կրճատվեցին արտասահմանյան ներդրումները: Աշխատավարձերի և թոշակների որևէ նշանակալի ավելացում նախատեսված չէ նաև 2019թ. պետական բյուջեի նախագծով:

«Տնտեսավարողների նկատամամբ դրսևորվում է կանխակալ, թշնամական վերաբերմունք: Գործարարներն ապրիորի դիտվում են որպես հանցագործներ: Լրջագույն մարտահրավերների առջև են կանգնեցվել արտասահմանյան ներդրողները, ինչը լրջագույն հարված է երկրի միջազգային վարկանիշին: Բացահայտ անտեսվում են բանկային գաղտնիքի սկզբունքները, ընդ որում այդպիսի մոտեցման արդյունքում ձեռքբերված տվյալները նաև հրապարակվում են: Պետական մարմինների կամայական որոշումների և անգործության հետևանքով Հայաստանում ներդրում կատարած մի շարք ընկերություններ կրում են վնասներ, որոնք ժամանակի ընթացքում, ըստ երևութին, կներկայացվեն որպես պահանջ Հայաստանի Հանրապետությանը: Այս ամենը փորձ է արվում թաքցնել թվերի և տոկոսների անկանոն և մասնակի օգտագործման միջոցով: Դրա վառ դրսևորւմն էր վարչապետի կողմից տնտեսության զարգացման «փաստերի» թվարկումը խորհրդարանում, որը բխեցվում էր վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների շահարկման վրա»,– նշվում է ՀՀԿ–ի հայտարարության մեջ։

ՀՀԿ–ն անհանգստություն է հայտնում նաև նորընտիր իշխանության վարած կադրային քաղաքականությունը:

«Փորձառու և գիտակ կադրերը հեռացվում են, իսկ նրանց փոխարեն նշանակումներ են կատարվում անձնական նվիրվածության, այլ ոչ թե արհեստավարժության սկզբունքով», – նշվում է հայտարարության մեջ։

Արտաքին քաղաքականություն

ՀՀԿ–ում մտահոգություն են հայտնում կառավարության վարած արտաքին քաղաքականության կապակցությամբ։

«Արտաքին քաղաքականության իրականացման մեջ արձանագրվեցին կոպտագույն բացթողումներ, որոնցից ամենաակնհայտը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակն է: Անհամեմատ ավելի լուրջ հետևանքների հիմքերն արդեն իսկ դրված են», – նշված է ՀՀԿ հայտարարության մեջ։

Խնդիրներն ու դրանց լուծումը

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ ստեղծված իրավիճակում ոչ միայն կարող է, այլև պարտավոր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ կուսակցության` տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները, արհեստավարժ կադրերը, միջազգային կապերը պետք է շարունակեն ծառայել Հայաստանի առաջխաղացման գործին: Իշխանություն լինելու տարիներին կուտակած այդ ներուժը հանրային արժեք է», – նշել են ՀՀԿ–ից։

«Փաշինյանի կառավարության գործունեության առաջին ամիսների արդյունքները մի շարք հարցեր են առաջացրել հասարակության շրջանում` ազգային ինքնության, պետություն-հասարակություն-եկեղեցի հարաբերությունների, ավանդական ընտանիքի արժեքների պահպանման տեսանկյունից: Տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները, Արցախի հարցի շուրջ առկա խմորումները, Հայաստանի նոր կառավարության որդեգրած դիրքորոշումն արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների հարցերում հուշում են, որ անհրաժեշտ է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած, այդ թվում` ամենավտանգավոր զարգացումներին: Հայաստանի հանրապետական կուսակցության արժեքները, սկզբունքներն ու մոտեցումներն այդ առումով արտացոլում են հասարակության անհանգստությունները և այսօր ավելի քան երբևէ պահանջված են: Կուսակցական շինարարությունը ժամանակատար գործընթաց է: Անկախության հասակակից կուսակցության հեռացումը քաղաքական գործընթացներից կթուլացներ այն, հետ կգցեր քաղաքական կուսակցությունների խոշորացման գործընթացը: Թեև սովորաբար քաղաքական կուսակցություններն իշխանության հասնելու ակնկալիքով են մասնակցում ընտրություններին, ՀՀԿ-ն առաջիկա արտահերթ ընտրություններին հայտ է ներկայացնում` խորհրդարանում երաշխավորված բազմակարծություն ունենալու նպատակով: Կառավարման տեսանկյունից արդյունավետ է այն պետությունը, որտեղ առկա է իշխանությունների քաղաքականությունը վիճարկելու, բացթողումները մատնանշելու և խնդիրների համար կառավարության հետ արդյունավետ որոշումներ որոնելու պատրաստակամ ընդդիմություն: նախագիծ 15 Հայաստանի հանրապետական կուսակցությունը դիտարկում է Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններում իր դերակատարումը հենց այդ համատեքստում: Երկրում ժողովրդավարական ավանդույթների ամրապնդման և կուսակցական համակարգի կայացման տեսակետից չափազանց կարևոր է կուսակցությունների` իշխանականից ընդդիմադիր և ընդդիմադիրից իշխանական կարգավիճակի ձևափոխման բնականոն գործընթացը», – նշվում է ՀՀԿ հայտարարության մեջ։–0–