ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. ԱՌԿԱ/. Նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը մեկնարկել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի տեսքով:
Ողջունելով հյուրին՝ Իսրայելի վարչապետը կարևորել է Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել և նշել, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ:
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Բենիամին Նեթանյահուին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։
Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում հայ-իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում և համոզունք հայտնել, որ հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա` համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան։
Զրուցակիցները նշել են, որ խորհրդանշական է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանական տարում` համոզմունք հայտնելով, որ այն լավ հնարավորություն է անցած ճանապարհը գնահատելու և հարաբերությունների զարգացման ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու համար:
Հանդիպմանը հանգամանալից քննարկում է տեղի ունեցել հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ։
Մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:
Իսրայելի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը անդրադարձել են Երուսաղեմում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը։
Վարչապետ Նեթանյահուն ու նախարար Նալբանդյանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, մերձավորարևելյան զարգացումների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:–0–