ՀՀ ԱԺ–ն ստացել է Օմբուդսմենի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ՀՀ Ազգային ժողովում, սահմանված կարգին համատասխան, ստացվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը, Facebook սոցցանցի էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
Նախօրեին տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը» , – նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook–յան էջում։
Արսեն Բաբայանը հիշեցրել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:
«Այս հիմքի առկայության դեպքում ՀՀ ԱԺ նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին», – նշել է Բաբայանը։
Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:
Անդրեասյանն ԱԺ–ի կողմից Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2011 թ.–ի մարտի 2–ին։ –0–