ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ղարաբաղ` մասնակցելու ԼՂՀ հռչակման 25-ամյակի տարեդարձի միջոցառումներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ղարաբաղ`  մասնակցելու ԼՂՀ հռչակման 25-ամյակի տարեդարձի միջոցառումներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

«Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում Արցախ ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին», - նշվում է հաղորդագրության մեջ:

1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։  

Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր` պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու մասին:

Համաձայն հրամանագրերի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է 7 հոգի, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի, «Արիության համար» մեդալով` 9 հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով` 267 հոգի, որից 1-ը` հետմահու:

Արցախի, Հայաստանի և արտերկրի մի խումբ պետական, հասարակական և քաղաքական գործիչներ, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներ, ազատամարտիկներ, դիվանագետներ և բարերարներ պարգևատրվել են` «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով` 8 հոգի, որից 1-ը` հետմահու, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով` 18 հոգի, «Մխիթար Գոշ» մեդալով` 11 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 16 հոգի, «Անանիա Շիրակացի» մեդալով` 12 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 78 հոգի և 4 կազմակերպություն:

Գիտության, մշակույթի, արվեստի, առողջապահության և տնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:27 01.09.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×