Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի ազգային տոնի առթիվ և այցելել ՀՀ–ում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

15.06.2016, 13:02
ՀՀ նախագահը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհուն ն և վարչապետին։
 ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի ազգային տոնի առթիվ և այցելել ՀՀ–ում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին։

Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը

«Հայաստանը մեծապես կարևորում է հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ: Ձևավորվել է շարունակական քաղաքական երկխոսություն, համատեղ աշխատանքներ են իրականացվել առևտրի և ներդրումների խրախուսման ուղղությամբ, զարգացել են մշակույթի և կրթության ոլորտներում մեր շփումները, արդյունավետ համագործակցություն ենք ծավալել Հայաստանում բարեփոխումներին միտված տարբեր ծրագրերի շրջանակներում: Լիահույս եմ, որ այս ամենին կարող ենք ավելացնել նոր ձեռքբերումներ», – նշել է ՀՀ նախագահը թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ուղղված ուղերձում:։

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացման գործում թագուհու և արքայական ընտանիքի ներդրած ավանդի համար:

«Վստահ եմ, որ Ձերդ Մեծությունը նույն հետևողականությամբ կշարունակի ուշադրության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը»,-ասված է թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ուղղված ՀՀ նախագահի ուղերձում:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-բրիտանական հարաբերությունները համատեղ ջանքերով կխորանան՝ ի շահ երկու ժողովուրդների:

Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ չորեքշաբթի այցելել է նաև ՀՀ–ում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր, շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին, մաղթել Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին բարօրություն և հետագա բարգավաճում:

Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Միացյալ Թագավորության բնակչության համար այս տոնը յուրահատուկ խորհուրդ ունի՝ բրիտանացիները ի դեմս Նորին Մեծություն Թագուհու տեսնում են ոչ միայն պետության ամենաերկար գահակալած միապետի, այլև խոհեմ և հոգատար առաջնորդի, ում գործունեությունը տասնամյակներ շարունակ նպաստել է Մեծ Բրիտանիայի հեղինակության բարձրացմանը:–0–