ՀՀ նորընտիր վարչապետը կառավարության առաջին նիստը կանցկացնի մայիսի 11-ին
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին կառավարության առաջին նիստը կանցկացնի, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Փաշինյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստը նախատեված էր անցկացնել մայիսի 10-ին`հինգշաբթի, երբ ավանդույթի համաձայն անցկացվում են գործադիր մարմնի նիստերը: Նիստի տեղափոխման պատճառները հայտնի չեն:
Հինգշաբթի առավոտվա տվյալներով, կառավարության նիստի օրակարգում ընգրկված է ավելի քան երկու տասնյակ հարց, այդ թվում` ՏՄ–ի համանաձայնագրում փոփոխությունների վավերացումը, «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշումը, «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում նախատեսված լրացումները և այլ հարցեր։
Ինչպես «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեց «Ելք» դաշինքի մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը, կառավարության նիստը կանցկացվի բաց ռեժիմով:
ՀՀ ԱԺ–ն մարտի 7–ի արտահերթ նիստում ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը, ըստ որի` կառավարության նիստերը պետք է անցկացվեն փակ ԶԼՄ–ների համար։ Նիստերի մի մասը կարող է անցկացվել բաց միայն վարչապետի որոշմամբ։
Կառավարությունը հինգշաբթի պետք է հավաքվեր նախկին կազմով, քանի որ Փաշինյանը դեռ որևէ նշանակում չի արել։ Ինչպես նախօրեին Արցախում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարությունը կձևավորվի բոլոր խորհրդարանական խմբակցությունների հետ քննարկումներից հետո և միայն կոնսենսուսի միջոցով։ Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա օրերին որոշում կընդունվի ուժային գերատեսչությունների ղեկավարների մասին։–0–