ՀՀ վարչապետ. ՀՀԿ–ին և բոլոր հակահեղափոխական ուժերին պետք է արմատախիլ անել Հայաստանի քաղաքական կյանքից

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ–ին և բոլոր հակահեղափոխական ուժերին պետք է արմատախիլ անել Հայաստանի քաղաքական կյանքից, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ, որը հրատապ կերպով կազմակերպվել է երեքշաբթի երեկոյան Բաղրամյան պողոտայում։
ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք թույլ կտան պատգամավորներին ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից։
Օրինագծին «կողմ» քվեարկեցին ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները, դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը։
«Այս քվեարկությամբ և այս օրինագիծը շրջանառության մեջ դնելով` ՀՀԿ–ն և նրան աջակցող ուժերը Հայաստանում պաշտոնապես հայտարարեցին հակահեղափոխություն։ Հակահեղափոխությունը շանսեր չունի Հայաստանում, քանի որ ոչ ոք չի կարող հաղթանակը խլել ժողովրդից։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ–ն և բոլոր հակահեղափոխական ուժերը պետք է արմատախիլ լինեն Հայաստանի քաղաքական կյանքից», – հայտարարեց ՀՀ վարչապետը։
Ըստ փոփոխությունների, եթե ԱԺ նիստը չի կարող անցկացվել քվորումի բացակայության պատճառով կամ ստեղծվում են խոչընդոտներ նիստին պատգամավորների մասնակցության համար, ապա առաջարկվում է դադարեցնել նիստն ու շարունակել խոչընդոտող հանգամանքների վերացումից հետո։ Ինչպես կարծում են օրենքի հակառակորդները, այդ կերպ ՀՀԿ–ն և օրինագծին աջակցող քաղաքական ուժերը փորձում են ապահովագրվել խորհրդարանի հնարավոր արձակումից և ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումից։ Խնդիրն այն է, որ ըստ ԱԺ կանոնակարգի, եթե պատգամավորները երկու անգամ չքվեարկեն վարչապետի թեկնածուի օգտին, ապա ԱԺ–ն արձակվում է օրենքի ուժով։–0–