Հայաստանի տնտեսական ու քաղաքական օրակարգերը որոշվում են` հաշվի առնելով ԵՏՄ–ի ինտեգրացիոն ներուժը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն երկուշաբթի մեկնարկած «Եվրասիական շաբաթ» ԵՏՄ անդամ պետությունների ամենամյա ցուցահանդեսային համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական ու քաղաքական օրակարգերը որոշվում են` հաշվի առնելով ԵՏՄ–ի ինտեգրացիոն ներուժը։
«Այս փուլում Հայաստանում տեղի է ունենում քաղաքական ու տնտեսական համակարգերի խորը վերափոխում, ձևավորվում են տնտեսական և քաղաքական ակտուալ օրակարգեր։ Ակնհայտ է, որ իրենք մեծամասամբ որոշվում են` հաշվի առնելով ԵՏՄ–ի ինտեգրացիոն ներուժը», – նշել է վարչապետի պաշտոնակատարը։
ԵՏՄ–ում Հայաստանի նախագահության առաջնությունները որոշելու հարթակ
Այս համատեքստում Փաշինյանը նշել է, որ համաժողովը լավ հարթակ է ինտեգրացիոն գործընթացի միջանկյալ արդյունքներն ամփոփելու համար, մասնավորապես, Միությունում նախագահությունը Հայաստանին անցնելու նախաշեմին։
«Մենք արդեն սկսել ենք քննարկումներն այն հարցերի շուրջ, որոնք առաջնային կդառնան Հայաստանի նախագահության ժամանակ։ Բացի այդ, այսօրվա համաժողովում մենք հնարավորություն կունենանք քննարկել այն հարցերը, որոնք անհանգստացնում են երկրի գործարար շրջանակներին, ինչպես նաև գոյություն ունեցող խոչընդոտները», – ասել է վարչապետի պաշտոնակատարը։
Նրա խոսքով, «Եվրասիական շաբաթը» կդառնա այն հարթակը, որտեղ կկնքվեն պայմանագրեր, կսկսվեն նոր նախագծեր, կհաստատվեն գործարար կապեր։
«Ուրախալի է, որ համաժողովում մասնակցում է ավելի քան 300 հայկական ընկերություններ, որոնք պատրաստ են երկարաժամկետ համագործակցության, ներդրումների ներգրավման և գործընկերային կապերի հաստատման։ Ձեռնարկատերերի ներկայությունն ապացուցում է համաժողովի նկատմամբ բարձր հետաքրքրությունը և դրա շրջանակում կոնկրետ որոշումներ կայացնելու կարևորությունը», – ասել է Փաշինյանը։
Ակտիվացումը թվերով
Նա նաև նշել է, որ ակտիվացումը ֆիքսվում է նաև վիճակագրական ցուցանիշներով։
«Հայաստանը գրանցում է ԵՏՄ անդամ պետությունների հետ առևտրի և համագործակցության ծավալների կայուն աճ։ Թվերն ամեն ինչ ասում են. 2018 թ.–ի հունվար–հուլիսին արտահանումը Հայաստանից դեպի ԵՏՄ անդամ պետություններ, 2017 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31,3%–ով` կազմելով 351.9 մլն դոլար», – ասել է նա։
Օրակարգի առանցքային դրույթները
Միաժամանակ Փաշինյանն ուշադրություն է դարձրել մի քանի առանցքային դրույթների վրա, որոնց շուրջ մանրամասն քննարկումներ կանցկացվեն համաժողովի շրջանակում։
«Առաջինը, այս տարի ԵՏՄ անդամ պետությունները և Իրանը ստորագրել են ժամանակավոր համաձայնություն որպես Ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված առաջին քայլ։ Հայաստանը ԵՏՄ անդամ միակ պետությունն է, որն ընդհանուր ցամաքային սահման ունի Իրանի հետ։ Ընդհանուր սահմանի և ազատ առևտրի գոտու առկայությունը լրացուցիչ ազդակ են ստեղծում առևտրատնտեսական կապերի զարգացման համար։ Մենք պատրաստ ենք հարթակ դառնալ Իրանի և ԵՏՄ անդամ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների կառուցման համար», – ասել է նա։
Որպես երկրորդ կարևոր հարց Փաշինանը նշել է ազատ առևտրի պայմանագրերի կնքմանն ուղղված բանակցությունների շարունակությունը։
Որպես քննարկում պահանջող հաջորդ կարևոր հարց նա նշել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացում` ավելացված արժեքի մեծ մասնաբաժնով։
«Հայաստանում կուտակված է լուրջ ներուժ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործում է մոտ 400 կազմակերպություն, և մենք միտված ենք ԵՏՄ մեր գործընկերների հետ համագործակցության զարգացմանը` միասին արտաքին շուկաներ դուրս գալու համար», – ասել է նա` նշելով բիզնեսի և կարգավորչի միջև ինտեգրման խորացման և երկխոսության զարգացման կարևորությունը։
Ըստ նրա, ԵՏՄ մաքսային օրենսգրքի լիարժեք կիրառումը կարևոր դեր է խաղում, սակայն միաժամանակ անհրաժեշտ է մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացում` ժամանակակից տեխնիկական պահանջներին և աճող առևտրաշրջանառությանը համապատասխան։
Համաժողովի մասին
Ցուցահանդեսային համաժողովի հիմնական նպատակն է ստեղծել հնարավորություններ ԵՏՄ տարածքում գործընկերային կապերի զարգացման համար։ «Եվրասիական շաբաթվա» ուշադրության կենտրոնում են ԵՏՄ տարածքում բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումը, արտադրական կապերի ամրապնդումն ու արտահանման ներուժի զարգացումը։
Միջոցառման շրջանակում կհանդիպեն ԵՏՄ երկրների վարչապետերն ու կառավարությունների պրոֆիլային նախարարները, պետական կորպորացիաների և անդամ պետությունների, միության գործընկեր երկրների առաջատար բիզնեսի ղեկավարները։
Միության տարածքում կազմակերպվող խոշորագույն միջազգային համաժողովն իր շուրջը կհամախմբի ավելի քան 2,5 հազար մասնակից` ավելի քան 25 երկրներից։ Գործարար միջոցառումներին ելույթ կունենան 160 խոսնակներ, այդ թվում` ԱՄՆ–ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Սինգապուրից, Չինաստանից։
«Եվրասիական շաբաթ» համաժողովն ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է ԵՏՄ երկրների և ԵՏՀ–ի կողմից։ Համաժողովի անցկացման նախաձեռնությունը հաստատվել է 2015 թ.–ի մայիսին` ԵՏՄ անդամ պետությունների 5 վարչապետերի որոշմամբ։ Միջոցառումը նպաստում է B2B և B2G կապերի հաստատմանը։
Համաժողովն առաջին անգամ կազմակերպվել է 2016 թ.–ի հոկտեմբերին «Բաց նորարարություններ» մոսկովյան միջազգային համաժողովի հարթակում։ Երկրորդ համաժողովն անցկացվել է 2017 թ.–ի օգոստոսին Աստանայում։ Համաժողովին մասնակցել է ավելի քան 2 հազար մարդ` 46 պետություններից, այդ թվում` Վիետնամից, ԵՄ–ից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Իրանից, Չինաստանից, ԱՄՆ–ից և Թուրքիայից։–0–