Ջեյմս Ուորլիքը դրական է գնահատել Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովը
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ դրական քայլեր են իրականացվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ։
Մասնավորապես, նա դրական է գնահատել պետությունների նախագահների համատեղ հայտարարությունը: «Մենք պետք է աշխատենք կարգավորման ուղղությամբ բանակցությունների միջոցով», - գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել եռակողմ գագաթնաժողով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Երեք երկրների նախագահները հանդիպել են ՌԴ նախագահի հրավերով և քննարկել ԼՂ հիմնախնդիրը:
Հանդիպումից հետո արված հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատել են Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը:
«Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ», - նշվում է փաստաթղթի մեջ:«Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձևաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի: Համանախագահները հրավիրված էին ներկա գտնվելու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման եզրափակիչ հատվածին», - նշվում է հայտարարության մեջ:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-