ԿԸՀ նախագահ. ընտրություններն անցել են ազատ և թափանցիկ. ԿԸՀ–ն ոչ մի բողոք չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԿԸՀ–ն ոչ մի բողոք չի ստացել արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում, հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Այս պահին մենք որևէ գրավոր բողոք չենք ստացել։ Սստացվել են առանձին ահազանգեր, տեղեկություններ, որոնց հիման վրա ձեռնարկվել են անհապաղ միջոցներ խախտումներ թույլ չտալու համար», – ասել է Մուկուչյանը «Ազատություն» ռ/կ–ին։
Նրա խոսքով, հաշվի առնելով, որ ընտրություններն արտահերթ էին` հանձնաժողովն աշխատել է լիարժեք, օպերատիվ, թափանցիկ և ամբողջությամբ կատարել է իր գործառույթները։
«Կարծում եմ` արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և արդար։ Հասարակությունը, քաղաքական ուժերն, ընտրողները հետագայում կգնահատեն մեր աշխատանքի որակը», – նշել է Մուկուչյանը։
Բոլոր 2010 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարան անցնում է երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
ԿԸՀ–ի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն, առաջատարն է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դաշինքը, որի օգտին քվեարկել է ընտրողների 70,43%–ը (884 456 մարդ)։ ԲՀԿ–ն հավաքել է 8,27% (103 824 ընտրող), երրոդ տեղում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37% (80 024 ընտրող)։
Նախկին իշխող ՀՀԿ–ն չի կարողացել հաղթահարել անցողիկ 5%–անոց շեմը, նրա օգտին քվեարկել է ընտրողների 4,7%–ը (59 059 մարդ)։
Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ`ՀՅԴ`3,89% (48 811), «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,82% (22 862), «Օրինաց երկիր» կուսակցություն` 0,99% (12 389), «Մենք» կուսակցությունների դաշինք` 2% (25 174), «Քրիստոնեա–ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն` 0,51% (6 456), «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,33% (4122), «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցություն` 0,68% (8530)։–0–