ԼՂՀ նախագահը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։
«Մեծարգո՛ պարոն Թրամփ, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ», – նշվում է շնորհավորական ուղերձում։
Սահակյանի խոսքով, Արցախում ԱՄՆ-ն համարում են բարեկամ երկիր, պետություն, որտեղ ապրում է հայկական ամենամեծ համայնքներից մեկը:
«Արդեն քառորդ դար է, ինչ մեր ժողովուրդը պայքարում է իր ազատության եւ անկախության համար, կառուցելով ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն և քաղաքացիական հասարակություն, արժեքներ, որոնք նաև ամերիկացիների համար հանդիսանում են հիմնարար ու սկզբունքային», – նշվում է ուղերձում։
ԼՂՀ նախագահի խոսքով, Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, մեծ դերակատարություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման գործում։
«Վստահ եմ, որ Ձեր նախագահության օրոք Ամերիկան կշարունակի իր այս կարևոր առաքելությունը` այսուհետ ևս նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ու ամրապնդմանը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, հաջողություններ ու ամենայն բարիք», – նշվում է շնորհավորական ուղերձում։–0–