Լավրով. կարևոր է կանխել Ղարաբաղում հրադադարի խախտումները` դրա համար մշակելով մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվան կարևորում է ԼՂ–ում հրադադարի ցանկացած խախտման կանխումը` դրա համար մշակելով գործուն մեխանիզմներ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Իհարկե, հիմա կարևոր է խուսափել նոր զոհերից և կանխել հրադադարի ցանկացած խախտում, դրա համար մշակել գործուն միջոցներ, մեխանիզմներ», – ասել է նա։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։
Լավրովի խոսքով` դրա տակ «ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դեռ մոտ հինգ տարի առաջ»։
«Եվ նրանք կողմ էին միջադեպերի քննության նման մեխանիզմի, վստահության ամրապնդման ստեղծմանը։ Հանձնարարեցին ԵԱՀԿ–ին զբաղվել դրանով, և ԵԱՀԿ–ի ներկայացուցիչները մշակեցին նման նախագիծ` տարատեսակ տարբերակներով։ Սակայն, ցավոք, այդ ժամանակ` 2012 թ.–ին, գործն առաջ չշարժվեց։ Սակայն մենք հիմա ցանկանում ենք, որպեսզի կողմերը վերադառնան դրան, ԵԱՀԿ–ում գերմանական ներկայացուցչությունը ցանկանում է ակտիվություն դրսևորել, և մենք խրախուսում ենք այդ ցանկությունը», – նշել է ՌԴ ԱԳ նախարարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ –0–