Մեդվեդևը Հայաստան կայցելի ապրիլի 7–ին, իսկ ապրիլի 8–ին կմեկնի Ադրբեջան
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան կայցելի ապրիլի 7–ին, իսկ դրանից հետո` ապրիլի 8–ին, կայցելի Բաքու, հայտարարել է ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան։
«ՌԴ վարչապետի պաշտոնական այցը Երևան տեղի կունենա ավելի վաղ համաձայնեցված ժամկետներում` ապրիլի 7–ին։ Հայաստանյան այցից հետո Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 8–ին կմեկնի Ադրբեջան», – հայտարարել է Տիմակովան լրագրողներին, հաղորդում է Ինտերֆաքսը։
Երեքշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության սրման հարցը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–