Միհրան Պողոսյանի գրասենյակը կոչ է անում պատկան մարմիններին հանդես չգալ թատերական հայտարարություններով

ԵՐԵՎԱն, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն այն տեղեկությունների կապակցությամբ, որ ուժային կառույցներին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։
«ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով», - նշվում է Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։
«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք. Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։ Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսհամարը։ Կոչ ենք անում պատկան մարմիններին անտեղի չվատնել պետական ռեսուրսներն ու բեմականացված հայտարարություններով չփորձել օրենքի անխոնջ պահապաններ ներկայանալ։ Ձեր առաջնահերթ գործառույթը օրենքի և արդարության հաստատումն է», - նշվում է հաղորդագրությունում։
Այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնել է, որ ԱԱԾ–ին հայտնի է հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ -0-