Փաշինյան. Ադրբեջանը խուսափում է այնպիսի ժողովրդավարական փոփոխություններից, ինչպիսիք տեղի ունեցան Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի ղեկավարությունը մտահոգություն ունի, որ իր ժողովուրդը կոգեշնչվի հայաստանյան իրադարձություններից ու կնախաձեռնի ժողովրդավարական փոփոխություններ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Euronews»–ի հետ զրույցում Բրյուսելում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մասնակցելու շրջանակում։
Փաշինյանը նշել է, որ շատ օգտակար կլիներ, եթե ՆԱՏՕ–ն կոշտ ուղերձ հղեր Ադրբեջանին առ այն, որ ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորման ցանկացած փորձ աննկատ չի մնա միջազգային հանրության կողմից։
«Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի մենակ խաղաղ ճանապարհով։ Ցավոք սրտի, իմ ՀՀ վարչապետ դառնալու օրվանից, Ադրբեջանը խստացրել ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Այդ քաղաքականությունը միտված է ոչ միայն երկրի դեմ, այլ նաև ժողովրդավարության դեմ, քանի որ Հայաստանը հիմա իսկապես ժողովրդավարական երկիր է», – ասել է Փաշինյանը։
Հունիսի 30–ի երեկոյան և հուլիսի 1–ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այլրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:-0-