Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

Փորձագետ. ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի ակտիվանալու հավանականությունը շատ մեծ է

19.09.2016, 14:27
Ադրբեջանցիներն անընդհատ ակտիվանալու են, և մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք և պատրաստ լինենք արժանի հակահարված տալուն:
Փորձագետ. ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի ակտիվանալու հավանականությունը շատ մեծ է

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի զինուժը սույն թվականի հոկտեմբերին նորից կարող է ակտիվանալ ղարաբաղյան հակամարտության գոտում, եթե հայկական կողմը զգոն չլինի, երկուշաբթի լրագրողներին ասաց հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա վարդանովը:                                                         

«Ես երբեք չեմ ասել, որ լայնամասշտաբ պատերազմ կսկսվի, խոսքը տարածքներ «կորզելու» փորձի մասին է, որ Ադրբեջանը կարող է անել հոկտեմբերին: Ես չեմ ասում, որ ադրբեջանցիները հարյուր տոկոսանոց հավանականությամբ կհարձակվեն, խոսքն այն մասին է, որ մենք պետք է պատրաստ լինենք», - ասաց նա` պարզաբանելով, որ հուլիսից ի վեր եղանակային պայմանները կայունացել են, և անձրևները` դադարել:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

Վարդանովի խոսքով, եթե հայկական կողմը տակտիկական նախապատրաստման անցկացման մեջ որոշակի փոփոխություններ չկատարի, ապա ադրբեջանցիները կարող են ապրիլյան դեպքերի պես գործողություններ ձեռնարկել` ևս մի քանի տարածք գրավելու փորձ կատարելու համար` այդ քայլով փորձելով արդարացնել այն հսկայական ծախսերը, որ նրանք ծախսում են իրենց պաշտպանական համակարգի վրա:

«Ադրբեջանցիներն անընդհատ ակտիվանալու են, և մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք և պատրաստ լինենք արժանի հակահարված տալուն», - ասաց Վարդանովը:

Իր կանխատեսումները Վարդանովը պարզաբանում է նրանով, որ ապրիլի ակտիվ գործողություններից հետո ադրբեջանական զորքը մեծ կորուստներ է ունեցել և նոր սրմանը պատրաստվելու համար նրանց հարկավոր էր առնվազն երկու-երեք ամիս:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։–0–