ՌԴ նախագահ. ՌԴ–ն մնում է Հայաստանի ռազմավարական և առևտրատնտեսական գործընկերը
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմավարական և առևտրատնտեսական գործընկերը։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կանցկացվի Սոչիում մայիսի 14–ին։
Պուտինն անձամբ է շնորհավորել Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակացությամբ և հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան նույնքան առաջընթաց ձևով, ինչպես եղել է մինչ այժմ։
«Մենք Հայաստանը դիտարկում ենք, և դա շատ լավ ձեզ հայտնի է, որպես մեր ամենամտերիմ գործընկեր և դաշնակից տարածաշրջանում, դա վերաբերում է և′ տնտեսական քաղաքականությանը, և′անվտանգության հարցերին։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի ռազմավարական և առևտրատնտեսական գործընկերը», – հայտարարել է Պուտինը։
Նա նշել է, որ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն աճում են ակտիվ տեմպերով` գրանցելով 25%–ոց աճ, բարձր տեմպերով աճում են նաև Հայաստանից ռուսական շուկա գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները, որոնց աճը նախորդ ամիս կազմել է 38%։
«Սա շատ լավ դինամիկա է, և ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել, այլև բազմապատկել», – ասել է Պուտինը։
Նրա խոսքով, կշարունակվի նաև ակտիվ աշխատանքը միջազգային կազմակերպություններում` սկսած ՄԱԿ–ից, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը միշտ աջակցել են միմյանց մինչև անվտանգության և տնտեսական զարգացման ոլորտներում գործող տարածաշրջանային կազմակերպություններ։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:46 14.05.2018