ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մարտ-ապրիլին կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մարտ-ապրիլին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Հայկական ժամանակին»։
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում։
«Նախնական պայմանավորվածության համաձայն, նիստը տեղի կունենա մարտ-ապրիլ ամիսներին: Այժմ անդամ երկրների վարչապետների հետ համաձայնեցվում է նիստի կոնկրետ ժամկետը»,- ասել է Կարայանը:
Թերթի հաղորդմամբ` 2015 թվականի սեպտեմբերին Գրոդնոյում տեղի ունեցած միջկառավարական խորհրդի 2-րդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդամ երկրների վարչապետերին հրավիրել էր հաջորդ նիստը Հայաստանում անցկացնել: Առաջարկն ընդունվել էր: Ավելի ուշ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնել էր, որ այդ նիստը Երևանում կանցկացվի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, ու հետևաբար, հենց այդ ժամկետներում էլ Հայաստան կժամանի Ռուսաստանի վարչապետը, ինչը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ, գրում է թերթը։
«Կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանի հետ ջերմ հարաբերություններ չունենալու պատճառով Մեդվեդեւն է խուսափել գալ Հայաստան: Ուշագրավ է, որ սույն նիստը տեղի կունենա այն ժամանակ և Մեդվեդևը Հայաստան կգա այն ժամանակ, երբ ԵՏՄ վարչապետ է Տիգրան Սարգսյանը, որին Մեդվեդևը նախօրեին բավական շռայլ ու ջերմ խոսքեր էր հղել», – գրում են հոդվածի հեղինակները։
Փոխնախարար Կարայանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ԵՏՄ-ում փոխվարչապետերի անցած շաբաթվա խորհրդի նիստի ժամանակ հաստատվել է ԵՏՄ Տնտեսական հանձնաժողովի նոր կառուցվածքը, որի համաձայն այդ մարմինը բաղկացած է լինելու 25 դեպարտամենտներից: Քանի որ պայմանագրի համաձայն 2016 թվականին հանձնաժողովում անդամ երկրները պետք է հավասարաչափ ներկայացվածություն ունենան, ամեն երկիր կարող է ներկայացնել 5 դեպարտամենտի ղեկավարի թեկնածություն: Հաստատվել են նաև դեպարտամենտի ղեկավարի 65 տեղակալների պաշտոնները, և յուրաքանչյուր երկրին՝ Ռուսաստանին, Բելոռուսին, Ղազախստանին, Հայաստանին ու Ղրղզստանին բաժին կհասնի 13-ական տեղակալի պաշտոններ:
Սուրեն Կարայանը նաև փոխանցել է, որ նիստի ժամանակ հավանություն է տրվել նավթի ու գազի շուկաների ազատականացման հայեցակարգին, որի համաձայն 2026 թվականից անդամ երկրների միջև գազուղիների և նավթուղիների ազատականացում է լինելու: Այժմ այդ հարցը կարգավորվում է երկկողմ համաձայնագրերի միջոցով: Ազատականացվելու են նաև դեղերի և բժշկական պարագաների շուկաները, գրում է թերթը։–0–