Ռուսաստանը հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում հավասարության նշան չի դնում, ասաց լրագրողներին կիրակի ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցին:
«Այստեղ ամենևին խոսքը հավասարության մասին չէ, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը` ռազմական գործընկերը, դրանք ամբողջովին տարբեր մակարդակներ են, և ոչ մի հավասարության նշանի մասին խոսք չկա», - ասաց Վոլինկինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց հետո։
Հայ հասարակության շրջանում լուրջ դժգոհություն առաջացրեց Ռուսաստանի որոշումը` շարունակել Ադրբեջանին զենքի մատակարարումը Ղարաբաղի դեմ ուղղված Բաքվի ապրիլյան ռազմական ագրեսիայից հետո։ Ժողովրդի դժգոհությունը վերաճեց տարբեր հակառուսական բողոքի ակցիաների, որոնք անցկացվում էին Երևանում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-