Սարգսյան–Ալիև հանդիպման կոնկրետ ամսաթիվ դեռևս չկա. Ուորլիք

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման կոնկրետ ամսաթիվ դեռ չկա, հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Մենք ցանկացած պահի պատրաստ ենք կազմակերպել այդ հանդիպումը, եթե նախագահները պատրաստ լինեն դրան», –երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց դիվանագետը։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված Սարգսյան–Ալիև հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Փարիզում։
Ուորլիքն ավելացրեց, որ կողմերից ոչ մեկը պատերազմ չի ուզում` գիտակցելով, թե ինչ բարձր գին է պետք վճարել։ «Մենք տեսանք, որ ապրիլին դրա համար վճարվեց շատ բարձր գին։ Մենք չենք ցանկանում հակամարտության ընդլայնում և ձգձգում» – ընդգծեց նա։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։
Ամերիկացի դիվանագետը նշեց, որ երկու նախագահներն էլ իսկական հայրենասերներ են, հավատում են սեփական երկրին և ժողովրդին։ «Նրանք պատրաստ են աշխատել համանախագահների հետ` խնդրի լուծմանն ուղղված առաջարկների քննարկման համար, որը թույլ կտա երկու ժողովուրդներին ապրել խաղաղ և անվտանգ», – հայտարարեց Ուորլիքը։
Նա ավելացրեց, որ կողմերին լուծում չի կարելի պարտադրել, նրանք իրենք պետք է գտնեն այն, իսկ համանախագահները կօգնեն նրանց այդ հարցում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։–0–