Շարմազանով. Արմեն Սարգսյանը ևս մեկ հանդիպում կանցկացնի ՀՀ նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀԿ–ից չորրորդ նախագահի պաշտոնին առաջարկված Արմեն Սարգսյանը ևս մեկ հանդիպում կանցկացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Այս մասին հինգշաբթիհայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հունվարի 19–ին ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկեց դառնալ երկրի չորրորդ նախագահը։
«Արմեն Սարգսյանն արդեն հայտարարել է լրագրողներին, որ նա կտեղեկացնի իր որոշման մասին, երբ գա ժամանակը։ Որքան ինձ հայտնի է, բոլոր քաղաքական ուժերի հետ հանդիպումները դեռ չեն ավարտվել։ Հանդիպումների ավարտից հետո տեղի կունենա ևս մեկ հանդիպում մեր կուսակցության առաջնորդի հետ, որը կդառնա շատ կարևոր և վճռորոշ։ Դրանից հետո կընդունվի որոշումը», – ասաց նա լրագրողներին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո։
Շարմազանովի խոսքով, շատ կարևոր է, որպեսզի կուսակցության կողմից առաջարկված թեկնածուն հանդիպի այն բոլոր շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց հետ հանդիպումները նա համարում է անհրաժեշտ։
Միաժամանակ, նա ձեռնպահ մնաց ժամկետներ հրապարակելուց։
«Մեր կարծիքը հայտնի է. մենք կարծում ենք, որ Արմեն Սարգսյանն այն պետական և քաղաքական գործիչն է, ով ի վիճակի է ամբողջական ծավալով իր վրա վերցնել այն պարտավորությունները, որոնք, բարեփոխված սահմանադրության համաձայն, կանգնած են երկրի չորրորդ նախագահի առաջ», – ավելացրեց նա։
2015 թ.–ին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո երկիրն անցնում է խորհրդարանական իշխանավարման։ Նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը։ Նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորություները, և կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։–0–