Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Շարմազանով. ՀՀԿ–ն այս շաբաթ կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում

22.02.2018, 11:01
Այս շաբաթ ՀՀԿ–ն ԱԺ կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար։
Շարմազանով. ՀՀԿ–ն այս շաբաթ կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այս շաբաթվա ընթացքում «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը Ազգային ժողովին կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար, հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հունվարի 19–ին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին առաջարկեց դառնալ ՀՀԿ–ի թեկնածուն ՀՀ նախագահ պաշտոնում։ Փետրվարի 16–ին Արմեն Սարգսյանը տվեց իր համաձայնությունը։

«Անհրաժեշտ է պատգամավորների մեկ քառորդի աջակցությունը: Այս մեկ շաբաթվա ընթացքում կհավաքենք այդ ստորագրությունները և կներկայացնենք Ազգային ժողովին», – ասաց Շարմազանովը։

Պատասխանելով լրագրողներին հարցին` Շարմազանովը նշեց, որ Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է «Ծառուկյան» դաշինքի հետ։

«Խմբակցությունն ինքը կորոշի` ինչպես քվեարկել։ Դա նրանց իրավունքն է», – ասաց Շարմազանովը։

2015 թ.–ին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո երկիրն անցնում է խորհրդարանական իշխանավարման։ Նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը։ Նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորություները, և կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։–0–