Սկրիպալի գործը որևէ կերպ չի ազդի Հայաստան–ԵՄ ինտեգրացիոն գործընթացների վրա. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Սկրիպալի գործը որևէ կերպ չի ազդի Հայաստան–ԵՄ ինտեգրացիոն գործընթացների վրա, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
Մարտի 4–ին Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը, ով Ռուսաստանում դատապարտվել է Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար, և նրա դուստրը` Յուլիան, ենթարկվել են նյարդակաթվածային նյութի ազդեցությանը։ Նրանց հայտնաբերել են անգիտակից վիճակում Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում։ Բրիտանական իշխանությունները մեղադրում են ՌԴ–ին և հայտարարում, որ այն կապի ունի թունավորման հետ, սակայն որևէ ապացույց չեն ներկայացրել։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետներին երկրից արտաքսելու և բարձր մակարդակի երկկողմ կապերի դադարեցման մասին։
«Որևէ խոչընդոտ չենք տեսնում, որը կարող է ազդել Հայաստան–ԵՄ փոխհարաբերությունների վրա», – ասաց Քոչարյանը` մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի լարված հարաբերությունները։
Նա ընդգծեց, որ ԵՄ–ն կարևորում է այն փաստը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ երկրներից առաջինն է, որը գնում է ԵՄ–ի հետ նման խորը համագործակցության` բնականաբար պահպանելով սեփական պարտավորությունները միջազգային այլ կառույցներում։
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ԱԺ–ի վավերացմանն է ներկայացրել Հայաստանի, ԵՄ–ի և Ատոմային էներգետիկայի եվրոպական միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։